ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին.
«Հարգելի տիկին Բերեջիկլյան,
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Ողջունելի է, որ Ավստրալիայի հայ համայնքը, ակտիվ ներգրավված լինելով երկրի հասարակական-քաղաքական կյանքում, իր ուրույն նպաստն է բերում տարբեր բնագավառներում Ավստրալիայի զարգացման գործում, որի վկան է Ձեր արգասաբեր գործունեությունը: Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր լիցք կհաղորդվի Հայաստանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, մեր մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությանը:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ Ավստրալիայի բարեկամ ժողովրդի բարեկեցության և հայ-ավստրալական բարեկամության ամրապնդման»: